Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը չի համապատասխանում առկա ներուժին։ Այս մասին դեկտեմբերի 3-ին «Ղազախստան-Հայաստան. հնարավորությունների արտահանում» միջոցառման շնորհանդեսին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահագն Լալայանը։

Նրա խոսքով՝ առեւտրատնտեսական հարաբերությունների ինտենսիվացման հիմնական բաղադրիչ պետք է դառնա փոխադարձ արտահանական առեւտրի զարգացումը։

Լալայանն ընդգծեց, որ այս հարցում հիմնական խնդիրներն են ապրանքների սահմանափակ տեսականին եւ երկրների սահմանափակությունը, որոնց հետ երկու երկրները առեւտուր են անում։

«Խնդիրների լուծման ուղիները պետք է փնտրել ընդհանուր մոտեցումների կիրառման մեջ՝ ուղղված բիզնեսի համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ Անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները եւ ընդլայնել դրանք»,- ավելացրել է նա։

Էկոնոմիկայի նախարարի խորհրդականը վստահություն է հայտնել, որ տնտեսական շահը միավորում է երկրներին եւ ժողովուրդներին ավելի ամուր, քան այլ բաղադրիչները։

Նա նաեւ նշել է ԵՏՄ շրջանակում համագործակցության կարեւորությունը, որը նոր հնարավորություններ է բացում բիզնեսի համար։

«Դրան կարող են նպաստել նաեւ Վիետնամի, Սինգապուրի, Իրանի հետ ԵՏՄ համապատասխան համաձայնագրերը»,- ավելացրել է Լալայանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը նպաստավոր առեւտրային ռեժիմներ ունի ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ, ինչը կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել բիզնեսի համար։