Տնտեսական սուբյեկտները՝ շրջիկ վաճառակետերի տերերը, իրավունք կստանան առեւտրային գործունեություն իրականացնելու մայրաքաղաքի մեկ վարչական շրջանի տարածքում մեկ օրվա ընթացքում, որից հետո նրանք պարտավոր են այդ վայրը լքել: Այս մասին դեկտեմբերի 4-ին ԱԺ նիստում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Իշխող դաշինքից մեկ այլ պատգամավոր՝ Եղիշե Սողոմոնյանն, իր հերթին, նշեց, որ առեւտուր իրականացնելու իրավունքը հաշվարկված է կես տարուց պակաս ժամկետով: Այսինքն՝ ձեռներեցները պետք է ամեն օր փոխեն դրամարկղային սարքերը եւ վերագրանցում իրականացնեն:
Սրա հետ կապված նա առաջարկեց փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում եւ շրջիկ վաճառակետերին թույլ տալ անհասցե գրանցում:



























