Հայաստանի ոստիկանությունը մտադիր է բարելավել ոստիկանություն-լրատվամիջոցներ փոխհարաբերությունները եւ այդ նապատակով ապրիլի 9-10-ին Ծաղկաձորում սեմինար էր կազմակերպել (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության լրատվության վարչության կազմակերպած սեմինարին մասնակցել են մոտ մեկ տասնյակ լրատվամիջոցների իրավական հարցերով զբաղվող լրագրողներ, իսկ ոստիկանությունից` փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, իրավապահ համակարգի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Սեմինարին մասնակցել է նաեւ Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, ով կարեւորել է լրագրողների եւ իրավապահ համակարգի փոխհարաբերությունները, նշել է, որ ոստիկանական համակարգում առաջիկայում մեծ բարեփոխումներ են կայանալու, որի ականատեսը շուտով կլինենք: 

Լրագրողների մի քանի հարցերի սպառիչ պատասխաններ տալուց հետո ՀՀ ոստիկանապետը հանձնարարեց սեմինարին ներկա համապատասխան ծառայությունների ղեկավարների, որպեսզի մեկ-երկու օրվա ընթացքում շտկվեն թերությունները:

Հանձնարարելով ՃՈ ներկայացուցիչ Հայկ Սարգսյանին, որ ընդհանրապես վերանա այն երեւույթը, երբ վարորդները ստիպված էին լինում տուգանք մուծել բանկում, ապա կտրոնը տանել ճանապարհային ոստիկանություն: Այդ երեւույթը արդարացի դժգոհություն էր առաջացնում վարորդների շրջանում: Ոստիկանապետը հանձնարարել է էլեկտրոնային կապ պահպանել բոլոր բանկերի հետ, որպեսզի տուգանքը մուծելուց անմիջապես հետո ճանապարհային ոստիկանությունը տեղեկացվի մուծման մասին:

Ալիկ Սարգսյանը հայտնեց, որ առաջիկայում լուրջ բարեփոխումներ են կատարվելու նաեւ ճանապարհային ոստիկանության  քննական եւ գրանցման բաժիններում, բոլոր բաժինները միացվելու են մեկ տեղում, ունենալով մեկ վարչական շենք:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի