Չինաստանի գլխավոր խնդիրը 21-րդ դարում տեխնոլոգիական գերիշխանության հասնելն է, կարծում է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին ղեկավար Մայքլ Ռոջերսը, հայտնում է CNBC-ը։
Նրա խոսքերով՝ հենց Արեւմուտքն է մշակել հիմնական տեխնոլոգիաները, որոնք ապահովել են տնտեսական աճ։ «Դա Արեւմուտքին տվել է ռազմական առավելություն, որն այնուհետեւ վերաճել է նշանակալի դիվանադիտական եւ քաղաքական իշխանության»,- ասել է նա։
Այս ուժը ծագել է գլոբալ տեխնոլոգիական այն ստանդարտների մշակման արդյունքում, որոնք ԱՄՆ-ին թույլ են տվել պահպանել գլոբալ առաջատարությունը տեխնոլոգիաների ոլորտում, իսկ այնուհետեւ հանգեցրել են գլոբալ տեխնոլոգիական ընկերությունների ստեղծմանը, որոնք կարող էին գերակշռել տարբեր տեխնոլոգիական ոլորտներում։ Ռոջերսը նշել է, որ Չինաստանն այդ մոդելը դիտարկում է տեխնոլոգիական ձեռքբերումների հաջորդ սերնդի համար, եւ այդ պատճառով ռեսուրսները ծախսում է քվանտային հաշվարկների, 5G ցանցային տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների եւ այլ կարեւոր տեխնոլոգիաների համար։
Ռոջերսը նախազգուշացրել է, որ երբ գործարար կամ քաղաքական առաջնորդները տարբերություն են դնում ազգային անվտանգության եւ տնտեսական ազդեցության միջեւ, նրանք կարող են տեսադաշտից բաց թողնել, որ «21-րդ դարում այս երկու հասկացությունները սերտորեն միահյուսված են»։
Այս տեսակետը ամենալավ երեւում է Չինաստանի հետ ընթացիկ բանակցություններում։ Ռոջերսի խոսքերով՝ հենց հավասարման տնտեսական մասն է Չինաստանին այդքան բարդ դարձնում։
«Նախորդ անգամ մենք ունեինք համարյա մրցակից, որին մենք դիտարկում էին որպես պոտենցիալ հակառակորդ՝ ազգային պետության տեսակետից, կար Խորհրդային Միությունը։ Նրանք զգալի չափով քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական մարտահրավերներ էին։ Նրանք երբեք չեն եղել տնտեսական խնդիր։ Նրանք երբեք չեն պատրաստվում գերազանցել Միացյալ Նահանգներին տնտեսական առումով։ Նրանք չեն ունեցել այն գլոբալ տնտեսական ազդեզությունը կամ հնարավորությունը, ինչ ունեցել ենք մենք»,- ասել է Ռոջերսը։
«Տեղափոխվենք ապագա՝ Չինաստանը նույնպես իրենից ներկայացնում է լուրջ դիվանագիտական, քաղաքական եւ ռազմական խնդիր։ Սակայն ինչն է նրան դարձնում այդքան յուրօրինակ, դա այն է, որ նա իր մեջ համադրում է բոլոր այդ նշանակալի տնտեսական հնարավորությունները»,- նշել է նա։
Նրա խոսքերով՝ Չինաստանի հետ այժմյան հակասությունները համեմատել «սառը պատերազմի» հետ նույնպես անօգուտ է։
Նրա կարծիքով՝ «զսպման» մարտավարական փորձը, հավանաբար, չի աշխատի, ինչպես դա տեղի ունեցավ Խորհրդային Միության հետ՝ նկատի ունենալով 1940-ականներից սկսած ԱՄՆ արտաքին քաղաքական որոշումների շարքը, որը ուղղված էր խորհրդային գաղափարախոսության տարածման մինիմալացմանը։
«Դա շատ ոչ ճիշտ մեթոդոլոգիա է։ Դրա հաջողության հավանականությունը ցածր է»,- ասել է նա։




























