Հայ ազգային կոնգրեսի` մարտի 17-ի հանրահավաքից հետո քաղաքական դաշտը լուրջ վերաձեւավորումների կարիք ունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 11-ին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

Նա նշեց, որ տեւական ժամանակ է` «Ժառանգության» եւ մի շարք քաղաքական  ուժերի միջեւ բանակցություններ են սկսել` նոր քաղաքական դաշինք ձեւավորելու շուրջ: Թե որոնք են այդ քաղաքական ուժերը, ասուլիսի հյուրը չնշեց: Նա  ընդգծեց, որ թեեւ առայժմ այդ բանակցությունների ընթացքում կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն  Հակոբյանը չբացառեց ապագայում նման դաշինքի ի հայտ գալը: Այն բաղկացած է լինելու այնպիսի քաղաքական ուժերից, որոնք, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի խոսքով, «իրենց քաղաքական կենսագրությամբ ապացուցել են, որ ժողովրդին չեն խաբում», որ հավատարիմ են մնացել իրենց քաղաքական ուղեգծին:

Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ նման քաղաքական ուժեր հայաստանյան քաղաքական դաշտում իրոք կան, որոնցից մեկն էլ, ըստ նրա, «Ժառանգությունն» է: Նրա խոսքով` նոր ձեւավորվելիք դաշինքը պետք է լինի ՀԱԿ-իշխանություն այլանսին հակակշիռ ուժ:  

Խոսելով առաջիկա խոհրդարանական ընտրությունների մասին, նա հույս հայտնեց, որ «Ժառանգությունը» ներկայացված է լինելու ապագա խորհրդարանում: «Ժառանգություն»-ը սկզբունքային կուսակցություն է, եւ իր կեցվածքով  ապացուցում է ժողովրդին, որ ինքը բարոյական, սկզբունքային կուսակցություն է եւ ավելի ընդարձակվելու եւ լուրջ քաղաքական գործոն դառնալու դաշտ ունի»,-հայտարարեց Հակոբյանը` հավելելով, որ «Ժառանգությունն» ունի բոլոր հնարավորությունները` գալիք ԱԺ-ում հայտնվելու համար: