Ըստ քաղաքական գործիչների եւ վերլուծաբաննների կանխատեսումների` Թուրքիայում հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կհաղթի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը շարունակում է ֆավորիտ մնալ երկրում: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը` հավելելով, որ այդ մասին են վկայում անցկացված հարցումները:
Նրա խոսքով` Թուրքիայի խորհրդարան այս անգամ եւս կանցնեն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական», «Ազգայնական շարժում» եւ «Խաղաղության եւ ժողովրդավարություն» կուսակցությունները:
Թուրքագետը նաեւ կարծիք է հայտնել, որ նույնիսկ եթե ընտրություններից հետո Թուրքիայի խորհրդարանի կազմը փոփոխվի, ապա դա աննշան կլինի: Հետեւաբար, Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ եւս ոչինչ չի փոխվի, բայց եթե, օրինակ, հաղթի «Ազգայնական շարժում» կուսակցությունը, ապա արտաքին քաղաքականության մեջ կլինեն ակնհայտ փոփոխություններ:
Ինչ վերաբերում է հայ թեկնածուներ առաջադրելու փաստին, ապա Թուրքիան `ի դեմս իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության, փորձում է ժողովրդավարական երկրի պատրանք ստեղծել միջազգային ասպարեզում եւ շահաբաժիններ ստանալ:
Այս մասին է վկայում Էրդողանի այն հայտարարությունը, թե իր երկրում ազգային խտրականություն չկա, ինչը, սակայն, թուրքագետի կարծիքով, չի համապատասխանում իրականությանը:





























