Հելմուտ Կոլի ժամանակ Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավար Բերնդ Շմիդբաուերը, ով հայտնի է նաեւ «Գործակալ 008» մականունով, մեկնել է Տրիպոլի` Մուամար Քադաֆիի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Spiegel -ին:

Լիբիական կողմից հանդիպմանը մասնակցել է Քադաֆիի որդիներից մեկը` Սեյֆ ալ-Իսլամը եւ մի անանուն բարձրաստիճան պաշտոնյա կառավարությունից:  Բանակցությունների հիմնական նպատակը Լիբիայում հակամարտության լուծման հնարավոր տարբերակների քննարկումն է:

Ըստ 71-ամյա Շմիդբաուերի` Քադաֆին պատրաստ է անհապաղ համաձայնել հաշտությանը, եթե ապստամբները պայմաններ չառաջադրեն:

Ինչպես նշել է գերմանական գաղտնի ծառայության նախկին ղեկավարը, Տրիպոլիում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Մուամար Քադաֆիի հնարավոր հրաժարականի հարցը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ապրիլի 10-ին Աֆրիկյան միության պատվիրակությունը բանակցություններ է վարել Քադաֆիի հետ: Ըստ Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Ջեյկոբ Զումայի` Քադաֆին հավանություն է տվել Աֆրիկյան իության ներկայացրած «ճանապարհային քարտեզին»: Այս ծրագիրը ներառում է անհապաղ զինադադար, հումանիտար միջանցքների բացում քաղաքացիների համար, ինչպես նաեւ բանակցություններ կառավարության եւ ապստամբների միջեւ: Բացի այդ, նախատեսվում է անցկացնել նաեւ քաղաքական բարեփոխումներ: