Ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիան առավելագույն դիվանագիտական ջանքեր է գործադրում երրորդ երկրների` մասնավորապես Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանոթյան ճանաչման դեմ: Այդ մասին ապրիլի 11-ին հայտարարել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը` նկատելով, որ իր նպատակներին հասնելու համար Թուրքիայի իշխանությունները շանտաժի են գնում:
Թուրքագետը կարծիք է հայտնել, որ ներկայումս Թուրքիան փորձում է Հայոց ցեղասպանության հարցը ներկայացնել որպես հոգեբանական խնդիր` միաժամանակ հայտարարելով, որ Առաջին համաշխարհայինի տարիներին թուրքերն իրենք են մարդկային կորուստներ կրել: Պաշտոնական Անկարան հայտարարել է նաեւ, որ այդ հարցը կարելի է քննարկել Հայաստանի եւ հայկական սփյուռքի հետ երկխոսության ճանապարհով:
Թուրքագետը նշել է, որ այդ հարցում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ծայրահեղությունների է գնացել` հայտարարելով, որ Ցեղասպանության հարցի լուծումը հայկական սփյուռքի հետ հարաբերություններ կարգավորման մեջ է:
Հովսեփյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում հայկական սփյուռքի հետ կապեր հաստատելու փորձերն անտրամաբանական են:





























