Իշխանությունները պատրաստ են երկխոսության ցանկացած քաղաքական ուժի, այդ թվում` ընդդիմության հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ապրիլի 8-ի հանրահավաքում արած այն հայտարարությունը, որ եթե իշխանությունները չկատարեն ՀԱԿ-ի պահանջները, Կոնգրեսը կխստացնի իր քաղաքական պայքարը:

«Մենք պատրաստ ենք երկխոսության ընդդիմության հետ, բայց պետք է իմանալ, թե որ հարցերի շուրջ: Ընդհանուր առմամբ, ՀԱԿ-ի պահանջներն իրականանալի են օրենքի շրջանակներում: Բայց եթե խոսում են իշխանությունների հասցեին ՀԱԿ-ի մեղադրանքների մասին` 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների զոհերի վերաբերյալ, այստեղ պետք է պարզել, թե ով է մեղավորը: Իմ կարծիքով, մեղավորը զանգվածային անկարգությունների կազմակերպիչներն են: Եւ այդ իմաստով Կոնգրեսը պետք է խոստովանի պատասխանատվության իր մասը»,- ամփոփել է Սահակյանը: