Արմավիրի մարզի բնակիչ Հովհաննես Եղիազարյանի հարազատները բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` խնդրելով քրեական պատասխանատվության ենթարկել «Շանթ Էլիտ» գործարանի սեփականատեր Վարշամ (Յուրա) Ղարիբյանին:
Նամակում, մասնավորապես ասված է.
«Հարգարժան պարոն Սարգսյան.
Դեռեւս 2008թ.սեպտեմբերի 23-ին ՀՀ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ Հովհաննես Եղիազարյանին անմիջապես իր հայրական տան դիմացից առեւանգել, Երեւանում գործող «Էլիտ Շանթ» գործարան է տեղափոխել ու դաժան ծեծի ենթարկել բազում հանցագործություններ կատարած եւ անպատիժ մնացած Վարշամ (Յուրա) Ղարիբյանը: Այս գործողությունների նպատակն է եղել ստիպել Հ. Եղիազարյանին ստացականներ գրել այն մասին, թե իբր վերջինս պարտքով խոշոր գումար է վերցրել Վ. Ղարիբյանից: Ստացականները ստիպողաբար գրելուց հետո Վ. Ղարիբյանը վերցրել է Հ. Եղիազարյանի գրպանում եղած 120 հազար դրամը, որից միայն 5 հազար դրամն է վերադարձրել`տաքսիով տուն հասնելու համար: Հ. Եղիազարյանի ավտոմեքենան եւս Վ. Ղարիբյանը պահել է գործարանի տարածքում:
Ծեծի հետեւանքով Հ. Եղիազարյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այդ թվում` գլխուղեղի ցնցում, քթոսկրի կոտրվածք եւ մինչեւ 2008 թ. հոկտեմբերի վերջերը բուժում է ստացել տարբեր բուժհաստատություններում:
Դեպքի առթիվ 2008թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հադվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ` Հ. Եղիազարյանին առեւանգելու փաստի առթիվ:
Միայն 2009թ. փետրվարի 13-ին է Վարշամ Ղարիբյանին մեղադրանք առաջադրվել, այն էլ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով` Հ. Եղիազարյանին թեթեւ վնաս պատճառելու կապակցությամբ:
Ակնհայտ թերի, միակողմանի քննություն կատարելուց հետո , նախաքննական մարմինը 3 անգամ որոշումներ է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու եւ Վարշամ Ղարիբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Կատարվածն այն աստիճան զարհուրելի է եղել, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեք անգամ շարունակ վերացրել է քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները եւ կարճված քրեական գործի վարույթը վերսկսվել է:
Անգամ այս աստիճան միակողմանի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներն անգամ հիմնավորում են Վարշամ Ղարիբյանի կողմից կատարված հանցագործությունների փաստը թույլ է տալիս օրենքով սահմանված կարգով Վ. Ղարիբյանին ենթարկել քրեական պատասխանատվության:
Քննչական մարմնի եւ նրա նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազության նման պահվածքն ունի իր պատճառները: Քրեական գործի շարունակաբար ապօրինի կարճումներն ուղղակի կապվում են ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանի անվան հետ: Գաղտնի չէ, ու մամուլում էլ բազմաթիվ հրապարակումներ են եղել այն մասին, որ Վ. Ղարիբյանը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի անձնական հովանավորության ներքո: Հենց դա է պատճառը, որ Վ. Ղարիբյանը գնացել է նման լկտի ու սանձարձակ քայլի, համոզված լինելով, որ Աղվան Հովսեփյանի հովանավորությամբ խուսափելու է պատասխանատվությունից եւ անպատժելիությունը Վ. Ղարիբյանին դրդում է նորանոր հանցագործություններ կատարելու: Միայն այս երկու տարիների ընթացքում Վ.Ղարիբյանը կատարել է բազմաթիվ հանցագործություններ ու դրանց վերաբերյալ հարուցված քրեական գործերը միմյանց հաջորդելով կարճվել են:
Ի վերջո Վ. Ղարիբյանի «ուժեղ մեջքն» իր գործը կատարել է եւ 2010թ. սեպտեմբերի 17-ին քննիչի կողմից (որի եղբայրն ի դեպ նույնպես աշխատում է Վ.Ղարիբյանի մոտ որպես առաքիչ) կայացվել են Վ. Ղարիբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշումներ:
Այս մասին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր մեջ ուժ չի գտել վերացնելու այդ որոշումներն ու այդ որոշումների դեմ ներկայացված բողոքները մերժել է: Այժմ կայացված որոշումները Հ. Եղիազարյանի կողմից բողոքարկվել են ՀՀ Վճռաբեկ դատարան եւ մենք բոլորս սպասում ենք այդ դատարանի որոշմանը:
Չենք ցանկանում հավատալ, որ Վ.Ղարիբյանին հովանավորողն այնքան զորեղ է, որ Վ. Ղարիբյանը կարողանալու է հերթական անգամ խուսափել կատարվածի համար արժանի, օրենքով սահմանված պատասխանատվությունից:
Ավելին` անպատասխանատվությունից թեւավորված Վ. Ղարիբյանը, օգտագործելով առեւանգման ու ծեծի հետեւանքով ստիպողաբար գրված ստացականները, քաղաքացիական հայց է հարուցել Հ. Եղիազարյանի դեմ եւ հիմա էլ ցանկանում է նրա ձեռքից խլել հայրական տունը` ընտանիքը թողնելով փողոցում:
Հագելի պարոն նախագահ, սա է պատճառը, որ ճարահատյալ դիմում ենք Ձեզ` հայցելով Ձեր միջամտությունը Հ. Եղիազարյանին առեւանգելու եւ ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը վերսկսելու եւ օրինական ընթացք ապահովելու հարցում:
Ս.թ փետրվարի 28-ին մենք` Հ. Եղիազարյանի հարազատներս ու համագյուղացիներս այցելել էինք նախագահի նստավայր ու Ձեզ հասցեագրված դիմում հանձնել, որում առավել մանրամասն ներկայացված էր կատարվածը: Ի զարմանս մեզ, սակայն, հաշված օրեր անց տեղեկացանք, որ Հ. Եղիազարյանի դիմումն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: Փաստորեն ստացվում է, որ դիմումը բարձրացված հարցերի պետք է պատասխանի Վ. Ղարիբյանին հովանավորողի կողմից ղեկավարվող հիմնարկը:
Համոզված ենք, որ դիմումի բովանդակությունը Ձեզ պատշաճ կարգով չի զեկուցվել, այլապես չէր վերահացեագրվի ՀՀ գլխավոր դատախազություն: Սա է պատճառը, որ ստիպված ենք Ձեզ դիմել բաց նամակի ձեւով, հավատալով, որ կատարվածի մասին տեղեկանալով թույլ չէք տա, որ օրինազանցն օգտվի պետական պաշտոնյայի հովանավորությունից եւ խուսափի պատասխանատվությունից:
Հարգելի պարոն նախագահ խնդրում ենք Ձեր հանձնարարությունը պատշաճ մարմիններին օբիեկտիվ եւ բազմակողմանի քննություն կատարելու եւ հանցագործություն կատարած Վ. Ղարիբյանին պատժելու համար»:





























