«Երեւան-իմ սեր» բարեգործական ծրագրի շրջանակում կվերականգնվեն Երեւանում Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակա շենքերը: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին նշվել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի` EURASIA HOUSE-ի  հիմնադիր եւ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը, ծրագրի պատասխանատուներ:

Բարձր գնահատելով  մայրաքաղաքը բարետես, ներկայանալի, նաեւ ներդրումային առումով գրավիչ դարձնելու քաղաքապետի նախաձեռնությունները,  EURASIA HOUSE–ի նախագահը պատրաստակամություն է հայտնել իրենց հնարավորության սահմաններում աջակից լինել ձեռնարկվող ծրագրերին: Նա քաղաքապետին է ներկայացրել Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակա շենքերի վերականգնման ծրագրի մանրամասները, համաձայն որի ճարտարապետական ուրույն ոճով վերականգնված շենքերը կծառայեն որպես կենտրոններ`  լսողության խնդիրներ ունեցող երեխաների եւ միայնակ մայրերի համար:

Տարածքում կլինի նաեւ համայնքային նշանակության կառույց:  Շենքերի վերականգնումից բացի, ծրագրով նախատեսվում է նաեւ եկեղեցու եւ շենքերի շրջակա տարածքների բարեկարգում եւ այգու հիմնում, որը, որպես հանգստի գոտի, կծառայի նաեւ շրջակայքի բնակչությանը: Նախագծային բոլոր աշխատանքներն ավարտված են եւ ծրագիրը պատրաստ է մեկնարկի:

Քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը բաց է եւ պատրաստ նաեւ գործարար առաջարկությունների համար` ներկայացնելով այդ դաշտում հնարավոր համագործակցության ոլորտները: