Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչները բողոքում են, որ չեն կարողանում լիարժեք ոռոգել ցանքատարածությունները` ֆինանսական խնդիրների պատճառով: Նրանք նշում են, որ եթե կառավարության ներկայացուցիչները խոսում են գյուղացուն հողի հետ մենակ չթողնելու մասին, առաջին հերթին պետք է նվազեցնեն ոռոգման գինը, հակառակ պարագայում հողերը կմանան անջրդի:

«Շատ են լինում դեպքեր, երբ օրինակ ցորենի ցանքսերը բավարար ոռոգում չեն ստանում: Սա լուրջ խնդիր է: Անջրդի հողերից լավ բերք ակնկալելն առնվազն միամտություն կլինի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ազատանի բնակիչ Թորգոմ Ղազարյանը`հավելելով, որ այսօր գուղացին  1 խմ ոռոգման ջրի համար  վճարում է  11 դրամ:

Իսկ կառավարության  ներկայացուցիչների հայտարարած այն թեզը , թե իբր դեմքով շուռ են եկել դեպքի գյուղն ու գյուղացին, Ազատանի բնակիչ 77-ամյա Վեներա Տոնոյանը բառի ուղիղ իմաստով է ընկալել: «Որեւէ մեկի դեմքը չենք տեսել, ոչ մի  առաջընթաց չենք նկատել: Գյուղացին մենակ է շարունակում  է հողի հետ կռիվ տալ»,-ասել է նա:

Նշենք, որ Հայաստանում ոռոգման նպատակով օգտագործվող ջրի 70 տոկոսը կորչում է ինչպես մայր ջրանցքում, այնպես էլ ներտնային ցանցերում: Կորուստները հիմնականում պայմանավորված են ջրանցքների ու ջրատարների մաշվածությամբ: