Համաժողովրդական շարժման դեմ պայքարելու վարչախմբի մեթոդները դառնում են ավելի ու ավելի մեղկ ու ամոթալի, որի վերջին դրսեւորումներից էր ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններից մեկի՝ «Ժողովրդավարական Հայրենիքի» կենտրոնական գրասենյակն իր զբաղեցրած տարածքից զրկելու որոշումը։ Այս բովանդակությամբ հայտարարություն տարածել Հայ ազգային կոնգրեսը:
«Այս վարչախմբի օրոք միշտ որպես ակտիվ ընդդիմություն գործած կուսակցության նկատմամբ առաջին անգամ չէ, որ ապօրինություններ են գործվում, կամ նրա ղեկավարն ու անդամները ենթարկվում են ճնշումների ու հալածանքների։ Նախապես վարձակալած 315 քմ մակերեսից նրան նախ թողել են 75-ը, ապա 45-ը, իսկ այժմ զրկում են նաեւ դրանից։ Ընդ որում, հիշյալ որոշումը կայացրած մարմինը՝ Պետական գույքի կառավարման վարչությունն այդ քայլին դիմում է դատարանի՝ հօգուտ «Ժողովրդավարական Հայրենիքի» կայացրած երկու որոշումներն անտեսելով ու ոտնահարելով։
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է իշխանական այս կամայականությունը, որն ակնհայտորեն այլ բան չէ, քան ընդդիմադիր կուսակցության նկատմամբ քաղաքական հետապնդում ու նրա գործունեությունն ապօրինի մեթոդներով խաթարելու բացահայտ փորձ»:





























