Գյումրիի  օդանավակայանի հարակից տարածքում, Ախուրյանում, Հովունիում գտնվող թռչնաֆաբրիկաները չդիմացան շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունների կամայականություններին եւ հսկայական վնասներ կրեցին: Գյումրիի  Բաղրամյան 74 հասցում գտնվող թռչնաֆաբրիկան էլ շուտով հնարավոր է դադարեցնի իր գործունեությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թռչնաֆաբրիկայի տնօրեն  Համբարձում Մաթեւոսյանը ասելով, որ  այլընտրանք չի տեսնում:

«Խոշոր չափի վարկերի տակից դուրս գալ չեմ կարող: Ներկա վիճակի պատճառը ամռանը ձվի գների նվազեցումն էր մինչեւ 8 դրամ: Դուք որ ամռանը 8 դրամով ձու էիք գնում, այ հենց դրա պտուղներն ենք մենք այսօր `փոքր գործարարներս ճաշակում: Դա խոշոր բիզնեսի սարքած խաղն էր` 38-40 դրամ ինքնարժեք ունեցող ձուն վաճառել 8 դրամով»,- ասել է նա ու հավելել, որ հենց դա էր պատճառը, որ շատ մանր ձեռնարկություններ դադարեցին գործելուց:

«Կրած վնասը իրացման առավել մեծ ծավալներ ունեցող տնտեսվարողները դեկտեմբեր ամսին լրացրեցին՝ ստանալով գերշահույթ: Ձվի գինը շեշտակի բարձրացավ, բայց դա չփրկեց մանր տնտեսվարողներին, որոնք փակվեցին: Եղավ այն, ինչը պլանավորել էին գերիշխող դիրք ունեցող ընկերությունները»,-ասել է Հ. Մաթեւոսյանը`հավելելով, որ շատ հնարավոր է, որ ինքն էլ դուրս գա ոլորտից եւ ձվի բիզնեսը մեկընդմիշտ մնա խոշոր տնտեսավարողին: