ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն առաջարկել է մորատորիում հայտարարել ցանկացած փոխադարձ մեղադրական հայտարարության վրա` Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների եւ Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների միջեւ` գալիք երկու նստաշրջանների ընթացքում:
Նա , միաժամանակ, առաջարկել է շարունակել երրորդ կողմերի միջնորդությամբ Ադրբեջանի հետ երկկողմ խորհրդակցությունները, սակայն հավելել է, որ որպես երրորդ կողմ չեն կարող հանդիսանալ ԵԽԽՎ նախագահը, Բյուրոյի կամ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի նորընծա ղեկավարները:
Այնուհետեւ անդրադառնալով ադրբեջանական պետական քարոզչությունը, Դ. Հարությունյանն ասել է. «Ներկայումս առկա անհանդուրժողության մթնոլորտում, երբ ԵԽԽՎ-ում տարածվում է միտումնավոր սադրիչ քարոզչություն, ԼՂ հարցով ենթահանձնաժողովը բաց հրավեր է լուրջ վնաս հասցնել բանակցային գործընթացին… Հայկական պատվիրակությունը ոչ մի պայմանով չի կարող հանձն առնել նման անպատասխանատվություն»:
Իր հերթին, հայկական պատվիրակության անդամ, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը եւս ելույթ է ունեցել եւ հայտարարել է, որ ստեղծված լարվածության եւ հակահայ քարոզչության պայմանները «նշանակում են, որ Հայաստանը չի կարող մասնակցել ենթահանձնաժողովի աշխատանքներին»:





























