Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանը հանդիպել է  տնտեսական ոլորտի համար պատասխանատու Իրաքի փոխվարչապետ Սալեհ ալ Մուտլակխի հետ եւ քննարկել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հնարավոր ոլորտները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, Իրաքի փոխվարչապետին հետաքրքրել է Հայաստանից Իրաք էլեկտրաէներգիայի հնարավոր ներմուծումը: Կողմերը քննարկել են էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավոր ճանապարհները  եւ հույս հայտնել, որ այդ խնդիրը լուծում կգտնի:

Զրուցի ընթացքում խոսվել է նաեւ Հայաստանի հնարավոր մասնակցության մասին Իրաքի վերակառուցման գործում, հատկապես բնակարանային շինարարության մեջ:

Դեսպան Մուրադյանը տեղեկացրել է Սալեհ ալ Մուտլակխին, որ մոտ ապագայում հայկական կողմը կներկայացնի իրաքյան կողմի քննարկմանը երկու պայմանագիր` տնտեսական համագործակցության եւ ներդրումների պաշտպանման մասին: 

Հանդիպման վերջում դեսպանը փոխանցել է Իրաքի փոխվարչապետին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրավերը այցելել Հայաստան: Սալեհ ալ Մուտլակխին սիրով ընդունել է հրավերը եւ նշեց, որ մոտ ապագայում կայցելի Հայաստան` բարձրաստիճան պաշտոնյաների եւ իրաքյան գործարարների ուղեկցությամբ: