Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների ապրիլյան զեկույցը (World Economic Outlook)։ Հունվարյան զեկույցի համեմատ դրանում գրեթե փոփոխություններ չեն կատարվել։ Այսպես՝ ենթադրվում է, որ համաշխարհային տնտեսության աճը 2011 թ. կկազմի 4,4 տոկոս, իսկ 2012 թ.՝ 4,5 տոկոս։
Տնտեսական աճի տեմպերը, ըստ ԱՄՀ-ի, կնվազեն Ճապոնիայում՝ նախորդ տարվա 3,9 տոկոսի համեմատ՝ մինչեւ 1,4 տոկոս։ Ռուսաստանում, ընդհակառակը, կանխատեսվել է աճի տեմպի արագացում՝ 0,3 տոկոսից մինչեւ 4,8 տոկոս։
ԱՄՆ տնտեսական աճի կանխատեսումը թողնվել է նախորդ տարվա մակարդակին՝ 2,8 տոկոս։
Նավթի գների վերաբերյալ կանխատեսվել է, որ այն 2011 թ. կկազմի միջինը 108 դոլար՝ 1 բարելի դիմաց։
Համաշխարհային տնտեսության շարժիչները, ըստ ԱՄՀ-ի կլինեն զարգացող երկրները, հատկապես Չինաստանն ու Հնդկաստանը՝ համապատասխանաբար 9,6 տոկոս եւ 8,2 տոկոս աճով։
Հայաստանի մասով ԱՄՀ-ն նույնպես կանխատեսումների փոփոխություն չի կատարել։ 2011 թ. տնտեսական աճը կանխատեսվել է 4,6 տոկոս, որը համահունչ է ՀՀ կառավարության գնահատականներին։ 2012 թ. կանխատեսվում է, որ աճը կդանդաղի եւ կկազմի 4,2 տոկոս։
Այս տարի Հայաստանում, ըստ ԱՄՀ-ի, գնաճը կկազմի 9,3%, իսկ 2012թ. գնաճը կնվազի մինչև 5,5%։ Այս առումով ԱՄՀ-ն ավելի վատատես է, քան հայաստանի կառավարությունը, որտեղ հույս ունեն տարեվերջին գնաճի տեմպը մոտեցնել նպատակային թիրախին (4+-1,5 տոկոս)։




























