«Ես ինձ քաղաքական դեմք չեմ համարում, եւ այսօրվա դրությամբ իմ թիմի հետ, որ ձեւավորման փուլում է, փորձում եմ լուծել քաղաքի խնդիրները»,-այս մասին ապրիլի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` հավելելով, որ այդուհանդերձ ինքը հաշվետու է հանրապետական կուսակցությանը:
«Եւս մեկ անգամ կրկնեմ, որ Հանրապետական կուսակցությունն իմ առջեւ կուսակցական խնդիրներ չի դրել, միակ պայմանն այն է, որ ես մայրաքաղաքի արդյունավետ կառավարում իրականացնեմ եւ ես մտադիր եմ անել դա»,- հայտարարել է քաղաքապետը:
Հարցին, թե դո՞ւր է գալիս իրեն քաղաքապետի պաշտոնը, Կարապետյանը նկատել է, որ իր համար «ահավոր հետաքրքիր» է աշխատել քաղաքապետարանում: «Ես երբեք չեմ մտածել քաղաքապետ դառնալու մասին: Ինձ համար շատ հետաքրքիր է աշխատել քաղաքապետի պաշտոնում, ես դրայվ ունեմ քաղաքի կառավարման համար»,- ասել է Կարապետյանը` նկատելով, որ դեռ չգիտի` արդյոք կմասնակցի հաջորդ ընտրություններին:
Պատասխանելով դիտարկմանը, թե շշուկներ կան, որ նա քաղաքապետարանում աշխատանքի է տեղավորել իր ազգականներին եւ մտերիմներին, Կարապետյանն ասել է. «Մեր թիմի բոլոր անդամներն էլ ինձ համար հարազատ մարդիկ են, եւ փաստ չէ, թե ազգականներն ավելի մոտ են ինձ, քան աշխատակիցները: Իրականում կա մեկ պայման` արդյունավետ աշխատանքը: Ով արդյունավետ է աշխատում, շարունակում է աշխատել: Ինչ վերաբերում է ազգականներիս, «նրանց պռոշը չի վառվել» քաղաքապետարանում աշխատելու համար: Չեմ թաքցնի, որ «Հայռուսգազարդի» որոշ աշխատակիցների խնդրել եմ ծառայության անցնել քաղաքապետարանում, սակայն չեմ կարծում, թե նրանք շատ գոհ են, բայց դա չի նշանակում, որ վատ են աշխատում»:





























