Շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ կփորձի օգնել Հարի Դանի ընտանիքին. 19-ամյա Հարին զոհվել էր ամերիկացի դիվանագետի տիկնոջ մասնակցությամբ ավտովթարի հետեւանքով, հաղորդում է Reuters-ը:

«Օրենքը պետք է իրացվի, եւ մենք կհետեւենք այդ գործին մեծ ուշադրությամբ եւ կշարունակենք ներկայանալ Հարի Դանի ընտանիքի անունից բոլոր մակարդակներում»,-հայտարարել է Բորիս Ջոնսոնը Էստոնիա կատարած այցի ժամանակ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի դատախազությունը հայտարարել էր, որ մեղադրանք է ներկայացնելու ամերիկացի Էն Սաքուլասին, որի անզգույշ մեքենա վարելու հետեւանքով զոհվել է երիտասարդ Դանը:

Իր հերթին Սաքուլասի փաստաբանը պնդում է, որ կինը չի վերադառնալու Մեծ Բրիտանիա դատարանի առաջ կանգնելու համար «այդ սարսափելի, սակայն չկանխամտածված ճանապարհային պատահարի հետեւանքով»: