Շաբաթ՝ դեկտեմբերի 21-ին, Բեռլինում տարհանվել է սուրբծննդյան տոնավաճառը Բրայթշայդպլաց հրապարակում երկու տղամարդու «կասկածելի վարքի» պատճառով, հաղորդում է DW-ը:

Ի սկզբանե Բեռլինի ոստիկանությունը հայտարարել է, որ ստացել է հաղորդում սուրբծննդյան տոնավաճառում կասկածելի առարկայի մասին: 2016 թվականին հենց այդ տոնավաճառում տեղի էր ունեցել ահաբեկչություն: Ոստիկանության նախաձեռնած գործողություններում ներգրավված է եղել 350 զինծառայող եւ որոնողական շներ: Սակայն արդյունքում ոչ մի կասկածելի առարկա չեն հայտնաբերել:

Ոստիկանության գործողությունների ընթացքում ձերբակալվել էր երկու տղամարդ: Որոշ ԶԼՄ-ներ հաղորդել են, որ նրանցից մեկի նկատմամբ հետախուզում էր հայտարարված ահաբեկիչների հետ կապ ունենալու կասկածանքով: Սակայն ոստիկանության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի հաստատվել: Ձերբակալվածներն ազատ են արձակվել:

Գերմանիայում առաջին խոշոր ահաբեկչությունը կատարվել էր 2016 թվականի դեկտեմբերին: Բեռնատարը, որի ղեկին էր Թունիսի քաղաքացի Անիս Ամրին, մխրճվել էր մարդկանց բազմության մեջ Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառի տարածքում: Ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 12 մարդ, շուրջ 50 մարդ ստացել էր վնասվածքներ: Առաջին զոհը Լեհաստանի քաղաքացի Լուկաշ Ուրբանն էր, որին ահաբեկիչը սպանել էր բեռնատարն առեւանգելիս: Այնուհետեւ Ամրին սպանվել էր Միլանում ոստիկանների հետ հրաձգությանը ընթացքում:

Ահաբեկչությունից հետո զոհերի բարեկամները քննադատել էին Գերմանիայի իշխանություններին: 2018 թվականի մարտին Գերմանիայի կառավարությունը հիմնադրել էր ահաբեկչությունների հետեւանքով զոհերի բարեկամների համար համակարգման կենտրոն: