Եգիպտոսի դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել երեք դեռահասներից յուրաքանչյուրին, որոնք սպանել են վիրավորանքներից աղջկան պաշտպանել փորձող 17-ամյա պատանուն, հայտնում է Associated Press-ը։
Չորրորդ դեռահասը, որը նույնպես մասնակցել է հարձակմանը, դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։
Դատարանը վճռել է, որ երեք կասկածյալները հոկտեմբերին դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել 17-ամյա Մահմուդ Էլ Բանային, ինչը հանգեցրել էր պատանու մահվանը։ Չորրորդը հանցակից է եւ մոտոցիկլետով տարել է կասկածյալներին դեպքի վայրից։
Էլ Բանայի սպանությունը ցնցել է Եգիպտոսը, քանի որ այն կապված է կնոջ հանդեպ ոտնձգությունների հետ։ Տեղի ԶԼՄ-ները այս թեմայով բազմաթիվ հոդվածներ են գրել։ Պարզվել է, որ շատ կանայք իրենց անվտանգ չեն զգում փողոցում։
Այդ հանցագործությունը կատարողներին պատասխանատվության ենթարկելու համառ կոչեր են հայտնվել։
Գործակալությունը նշում է, որ Եգիպտոսի օրենսդրությամբ 15 տարվա ազատազրկումը անչափահասների համար առավելագույն պատիժ է։





























