Այս տարի դեկտեմբերի 1-ի դրությամբ մենք կարողացել ենք շուրջ 360 կմ ճանապարհ նորոգել, հիմնանորոգել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ցավոք, համակարգը ստերիլ չէ, կան խնդիրներ:
«Այո, ունեցել ենք ոչ բարեխիղճ կապալառուներ, որոնց նկատմամբ որոշակի պատժամիջոցներ են կիրառվել: Մասնավորապես, 12 եւ 4 կմ երկարություն ունեցող երկու տարբեր օբյեկտների համար նրանք պարտավորություն են ստաձնել եւս մեկ շերտ ասֆալտ տեղադրել, որը կյանքի է կոչվել»,-ասաց Պապիկյանը:
Նա ընդգծեց, որ 2020 թվականն այս ուղղությամբ շարունակելու է լինել հեղափոխական. «Թե ստանդարտացման, թե որակի բարձրացման առումով մեծ աշխատանք ունենք անելու: Խոսքը մասնավորապես բիտումի որակի բարձրացման մասին է եւ սահմանային անցակետերում ստուգող լաբորատոր սարքավորումներ են տեղադրվելու, որպեսզի ՀՀ ներմուծվի որակյալ բիտում: 2020 թվականին պլանավորել ենք իրականացնել 502 կմ ճանապարհ նորոգել: Սա շարունակական է լինելու, որովհտեւ մեր կառավարության ստանձնած պարտավորությունն է, որ ՀՀ ճանապարհների 70 տոկոսը լինի բարվոք, անցանելի ու արդիական»,-ընդգծեց նախարարը:





























