Համայնքների հետագա խոշորացումը մեր կառավարության անելիքների մեջ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով, սուբվենցիոն ծրագրերից ավելի շատ կարողանում են օգտվել խոշորացված համայնքները. խոշոր համայնքները նաեւ աչքի են ընկնում կազմակերպական դրական միտումով:

«Մենք կարծում ենք, որ համայնքների հետագա խոշորացումը մեր կառավարության անելիքների մեջ է: 2020 թվականին խոշորացումենրը լինելու են ըստ իրավիճակի: Եթե համայնքներում կստեղծվեն իրավիճակներ, ինչպիսին, օրինակ, ստեղծվել է Իջեւանում, եւ այն խոշորացման ենթակա է, մենք կխոշորացնենք դրանք:

2021 թվականը այն տարեթիվն է, երբ պետք է ավարտվի խոշորացման գործընթացն ընդհանրապես: Մենք այդ ուղղությամբ նաեւ օրենսդրական փոփոխություններ ենք իրականացնում; Վերջինը տեղական հանրաքվեների ինստիտուտի վերափոխումն էր, երբ համայնքներին խորհրդատվական ձայնի հնարավորություն է տրվում, որ նրանք կարողանան իրենց ձայնը հանրքավեի միջոցով լսելի դարձնել:

Առաջիկայում հանրային քննարկման կդրվի նաեւ հանրապետության բոլոր խոշոր եւ խոշորացված համայքներում համամասնական ընտրակարգի ներդրման հարցը»,-ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին 52 համայնք է խոշորացվել: