Մեզ մոտ առողջապահական համակարգն երկար տարիներ աղավաղված է եղել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով երեխաների վաճառքի աղմակահարույց դեպքին:
Նրա խոսքով, այդ համակարգը չէր կարող աշխատել, եթե որոշակի առումով սերտաճած չլիներ իրավապահ համակարգին. «Եթե մենք նայում ենք բոլոր առանձին համակարգերը՝ հարկային, մաքսային, կրթություն, առողջապահության եւ այլն, որեւէ համակարգ չի եղել որպես ինստիտուտ, որը խորքային խնդիրներ չունենար: Եթե համակարգերում ունեցել ենք այսպիսի ինստիտուցիոնալ խնդիրներ, մեր տնտեսությունը չէր կարող միանգամից կտրուկ քայլերով առաջ ընթանալ: Տնտեսական հեղափոխությունն այն է, որ այդ առանձին համակարգերը, որոնք իրենց հերթին հիմնված են քաղաքական ինստիտուտների վրա, դրանց տրամաբանությունն է փոխվել»,-ասաց Թունյանը:
Նա անդրադարձավ նաեւ հարցադրմանը, թե արդյոք կարող է նշել 5 տնտեսվարողների, որոնք մինչեւ հեղափոխությունը տնտեսության մեջ մոնոպոլ դիրք են ունեցել ու հիմա զրկվել են այդ դիրքից. «Ֆորմալ առումով առաջ էլ կարող էինք ասել, որ մոնոպոլիաներ չկան. Օրինակ, երբ մենք նախկինում շաքարի կամ այլ մոնոպոլիաների մասին խոսում էինք, թվերով երեւում է, որ այնտեղ կան 1, 2, 3 խաղացողներ, այսօր էլ, եթե նայեք, կան այդքան խաղացողներ, բայց այստեղ խնդիրը հետեւյալնէ՝ փոքր խաղացողները կարո՞ղ են մուտք գործել այդ շուկա, արդյոք մաքսային եւ հարմային մարմինները արտոնյալ պայմաններ են ստեղծում խոշորների համար, թե ոչ, արդյոք պետական ինստիտուտները ճնշում են փոքրերին, թե ոչ: Ցավոք, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը պետք է մրցակցությունը խթաներ, շատ դեպքերում օգտագործվել է որպես մահակ, որ փոքրերը շուկա չկարողանան մտնել»,-ասաց հանձնաժողովի նախագահը:





























