Մենք խոշոր ներդրումների դեֆիցիտ ունենք. մեծ ներդրումային նախագծեր չեն գալիս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Մի շարք գործոններ ազդում են ներդրումների վրա. մեկը հենց հեղափոխության փաստն է, որովհետեւ, որքան էլ հեղափոխությունը հիմքեր է ստեղծում հետագայում  տնտեսական աճ ունենալու համար, ամեն դեպքում դա նշանակում է նաեւ որոշակի անորոշություն, իսկ դա ներդրողների վրա լուրջ ազդեցություն ունի»,-ասաց նա:

Թունյանը խոսքով, երկրորդ պատճառը խաղի կանոնների փոփոխությունն է. «Այն խաղի կանոնները, որ ՀՀ-ում գործել են, հիմա չեն գործում եւ եթե ներդրողները պետք է իրենց շահույթը ստանան կամ նորմալ գործելով, կամ կոռուպցիոն միջավայրում գործելով, եւ ժամանակին մեզ մոտ ենթակառուցվածքների բացը լրացվել է կոռուպցիոն մեխանիզմներով փող ստանալու հաշվին, հիմա այն մի ճանապարհը փակվել է, իսկ նորմալ ներդրումային միջավայր ունենալու հարցում մենք դեռ այնքան մրցունակ չենք, որքան ասենք Վրաստանը: Երրորդը, ունենք որոշակի նախադեպեր, որոնք բացասական են ազդում խոշոր ներդրողների վրա: Օրինակ, ունենք արեւմտյան խոշոր ներդրում, որը 1,5 տարի չի աշխատում (խոսքը Ամուլսարի մասին է-խմբ) եւ դա բացասաբար է ազդում ներդրողների վրա: Հույ ունեմ, որ դա արագ կլուծվի»,-ասաց Թունյանը: