ԱՄՆ-ը սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով դատավճիռը «կարեւոր քայլ» է համարում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է անհայտ մնալ, տեղեկացնում է Reuters-ը։
«Դա կարեւոր քայլ է այդ ահավոր հանցագործության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում, եւ մենք կոչ ենք անում Սաուդյան Արաբիային շարունակել արդար եւ թափանցիկ դատական գործընթացը»,- նշել է նա։
Ինչպես տեղեկացվել էր նախկինում, Սաուդյան Արաբիայի դատարանը Խաշոգջիի սպանության մեղադրանքով հինգ մարդու դատապարտել է մահապատժի, եւս երեքին՝ տարբեր ժամկետներով բանտային ազատազրկման։
Խաշոգջին ամերիկյան Washington Post թերթի թղթակից էր եւ 2017-ից ապրում էր ԱՄՆ-ում։ 2018թ․ հոկտեմբերի 2-ին, մտնելով Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն, նա անհետացել էր։ Բարձրացված աղմուկից հետո հոկտեմբերի 20-ին ՍԱ պետական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ լրագրողը մահացել է հյուպատոսության աշխատակիցների հետ վեճի հետեւանքով։ Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ Խաշոգջիի սպանությունը եղելէ կանխամտածված եւ կազմակերպված, իսկ նրա մարմինն անդամահատվել եւ ոչնչացվել է։ Թուրքիան եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կարծում են, որ Խաշոգջիի սպանության հրամանը տվել է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բին Սալմանը։ Էր Ռիադը հերքում է սպանությանը արքայազնի առնչությունը։





























