Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը ունեցել է ծառայողական մեքենա, հիմա Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը կարող է դրանից հրաժարվել։ Այս մասին Ազատություն Հ/Ը «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Հիշեցնենք, որ Դավիթ Խաժակյանը եւ լրագրող Վահե Մակարյանը ֆեյսբուքյան մեկնաբանություններում քննարկել էին Հանրային խորհրդի նախագահին հասանելիք ծառայողական մեքենայի հարցը, ինչին ֆեյսբուքյան իր էջում մանրամասն շարադրանքով անդրադարձել էր Ստյոպա Սաֆարյան։

«Տպավորություն էր, որ Ստյոպա Սաֆարյանն ուրիշ զբաղմունք չունի։ Ֆեյսբուքյան էջից գրառումն այդ մասին պարոն Սաֆարյանը վերցրեց եւ դրեց իր ֆեյսբուքյան պատին եւ, եթե մենք 2 կամ 3 նախադասությամբ էինք գրել, ինքը 5 կիլոմետրանոց տեքստով պատասխանեց։ Մենք ասել ենք, որ նա վերջին մարդը կարող է լինել, որ կարող է պահպանել քաղաքական չեզոքությունը։ Այս առումով Հանրային խորհուրդը չի բարեփոխվելու»,- ասել է Խաժակյանը։