«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ, ինչպես հայտնի դարձավ, ձեր­բակալվեց «5-րդ ալիք»-ի սեփականա­տեր Արմեն Թավադյանը: Պարզվեց, որ վերջինս ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցա­վոր արարք կատարելու կասկածանքով: Հիշեցնենք, որ, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, Վարու­ժան Մկրտչյանը «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին առաջարկել է  ցուց­մունքից հրաժարվել եւ դրա դիմաց գու­մար ստանալ: Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգր­քի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կե­տով (Սուտ ցուցմունք տալու նպատա­կով վկային կամ տուժողին սուտ ցուց­մունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից): Ի վերջո, «ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հետաքննություն իրականացրեց՝ հասկանալու համար, թե ով է տուժողը, որին, իբր, փորձել են հա­մոզել, որ ցուցմունքից հրաժարվի: «Ժո­ղովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ «Մարտի 1»-ի գործով այդ տուժողը Վրույր Գաբրիելյանն է, որ ներկայումս ՃՈ դասակի հրամանատար է:

Եվ, ահա, ինչպես հայտնի է, «ժողո­վուրդ» օրաթերթի ձեռքում էին հայտնվել «Մարտի 1»-ի գործով մի շարք պաշտո­նատար անձանց ցուցմունքները, եւ հրապարակել էինք այդ ցուցմունքների մի մասը: Ուստի հաշվի առնելով իրավիճա­կը՝ ներկայացնում ենք, թե ինչ ցուցմունք է տվել Վրույր Գաբրիելյանը «Մարտի 1 »- ի գործով, որ, իբր, նրան համոզել են ցուցմունքը հետ վերցնի: Ուսումնասիրելով ցուցմունքը՝ այնտեղ որեւէ տող չկա Ռոբերտ Քոչարյանի կամ այլ պաշտոնա­տար անձի մասին: Մասնավորապես, ՃՈ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը «Մարտի 1»-ի գործով ցուցմունք է տվել եւ հայտնել է ՀՔԾ քննիչներին, որ ՀՀ ոստիկանությունում ծառայում է 2005 թվականից եւ ներկայումս զբաղեցնում է ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշ­տի առաջին դասակի հրամանատարի պաշտոնը: Վերջինս ՀՔԾ քննիչներին հայտնել է՝ 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 5:30-ին, գտնվել է տանը, երբ ՊՊԾ գնդից զանգահարել են եւ ասել, որ տագ­նապ է: ՀՔԾ քննիչը հարցադրում է արել՝ նշելով, թե Ազատության հրապարակում սեւ համազգեստով դիմակավորված ան­ձանց տեսել է, թե ոչ. եթե տեսել է, ապա ի՞նչ գործողություններ են արել: Ի պա­տասխան՝ Վրույր Գաբրիելյանը հայտնել է, որ նման մարդկանց չի նկատել: ՀՔԾ քննիչի հարցադրումները այսքանով չեն սահմանափակվել, վերջինս ՃՈ պաշտո­նատար անձից հետաքրքրվել է, թե արդ­յոք Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ Սաշա Աֆյանը ՊՊԾ գնդում եղել է եւ անձնակազմին հրամաններ տվել է: Ի պատասխան՝ Վրույր Գաբրիելյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով որ Սաշա Աֆյանը ՊՊԾ գնդում չի եղել եւ իրենց հանձնարարական չի տվել, եւ, ըստ ՃՈ պաշտոնատար անձի, իրենք. Սաշա Աֆյանին այլ տեղ են տեսել:

Ստորեւ ներկայացնում ենք Մարտի 1-ի գործով տուժող Վրույր Գաբրիելյանի ցուցմունքը, որտեղ որեւէ տեղ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր Պետրոսյանի կամ ոստիկանության որեւէ պաշտոնատար անձի նկատմամբ որեւէ ցուցմունք տրված չէ կամ որեւէ ուշագրավ տեղեկություն ՀՔԾ քննիչին չի հայտնվում, ուստի հարց է առաջանում՝ Վարուժան Մկրտչյանը կամ Արմեն Թավադյանը ինչու պետք է ճնշեին ՃՈ դասակի հրամանատարին, որ նա ցուցմունքը հետ վերցներ:Հուսանք՝ այս հարցերի պատասխանը կտա քննությունը»: