Երեւանի զարգացման 2019-2023 թվականների հնգամյա ծրագրից հանել եք մի շարք կարեւոր քաղաքաշինական ծրագրեր, մասնավորապես Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային կապող ճանապարհը, Կրկեսի խաչմերուկը եւ «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւան ավագանու նիստում հայտարարեց «լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա հարց ուղղեց, թե ի՞նչ խոչընդոտ է հանդիսացել, որ այս քաղաքաշինական ծրագրերը դուրս են մղվել ծրագրից:
Ի պատասխան Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ասաց. «Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային կապող ճանապարհի հետ կապված այս պահին բանակցություններ ենք վարում մեր դոնոր կազմակերպության հետ, դեռ վերջնական համաձայնությունները չունենք: Երբ վերջնական համաձայնությունն ունենանք, այդ աշխատանքը կիրականացնենք»:
Ինչ վերաբերում է երկու խաչմերուկ հանգույցներին, նա նշեց, որ դրանց վերաբերյալ տարբեր կարծիքներ կան մասնագետների կողմից, որ դա կարող է ճանապարհային երթեւեկությանը չօգնել. «Բացի դրանից, համապատասխան գումարներ չենք ունենա, եթե կառուցենք Իսակով-Արշակունյաց ճանապարհը: Եթե համաձայնության գանք, անկլախ նրանից, դա գրված է 5-ամյա ծրագրում, թե ոչ, աշխատանքները կիրականացնենք: Այս պահի դրությամբ Արշակունյաց-Իսակով ճանապարհի կառուցումն ավելի իրատեսական է, քանի որ ունենք համապատասխան վարկային միջոցներ: Եթե «Հայրենիքի» խաչմերուկում շինարարություն սկսվի, պատկերացնում եք, թե ինչ կոլապսի կենթարկվի քաղաքի երթեւեկությունը»,-ընդգծեց Սարգսյանը:
Դավիթ Խաժակյանն առարկեց. «Ի՞նչ մասնագետ է պետք, որ ասի Կրկեսի խաչմերուկը, կամ «Հայրենիքի» խաչմերուկը գերծանրաբեռնված են եւ պայթում են երթեւեկությունից»:



























