Մեր պետությունը կարեւորում է զբոսաշրջությունը, զբոսաշրջության զարգացման ծրագիր ունենք, սակայն Երեւանի 2020 թվականի բյուջեով այդ ոլորտին հատկացվել է ընդամենը 145 մլն դրամ, ինչը զավեշտալի է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
«Սա այն դեպքում, երբ Ամանորի մի քանի օրվա միջոցառումների համար հատկացրել ենք շուրջ 400 մլն դոլար: Այդ 145 մլն-ը ներկայացվել է ինչ-որ բուկլետների տպագրություն, «Սիթի բաս»-ի համար ականջակալների գնում: Սա՞ է մեր զբոսաշրջության տեսլականը: Էլ չեմ ասում, որ 2020 թվականի բյուջեում նույն զբոսաշրջության ծրագրով նախատեսվել է 2 զուգարան, ինչը զբոսաշրջության գործոններից մեկն է»,-ասաց նա:
Անդրադառնալով վերելակների խնդրին, Առաքելյանն ասաց, որ ճիշտ չեն պնդումները, թե վերելակներ են փոխվելու 2020 թվականին. «Նախատեսված է միայն խնդրահարույց վերելակների հիմնանորոգում»:
Քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ այո, 2020 թվականին նախատեսվում է 100 նոր վերելակ տեղադրում:





























