Ձերբակալվել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը: Եգիպտոսի իշխանությունները նախկին նախագահին կալանքի տակ են առել:
Նախնական տեղեկություններով, կալանավորումը կտեւի 15 օր, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Հոսնի Մուբարաքը հարցաքննության էր կանչվել ընդդիմության ցույցերը դաժանաբար ցրելու համար դեռ ապրիլի 10-ին: Ապրիլի 12-ի հարցաքննության ժամանակ նա սրտի նոպա էր տարել: Երբ նրա վիճակը կարգավորվել էր, հարցաքննությունը շարունակել էին:
Այսօր Շարմ-էլ-Շեյխում ձերբակալել են նաեւ Մուբարաքի երկու որդիներին` Ալյային եւ գամալին: Եգիպտոսի նախկին նախագահի կրտսեր որդին նախքան հոր տապալումը զբաղեցրել է կուսակցության ղեկավար պաշտոններից մեկը եւ համարվում էր նրա հաջորդը, իսկ Գամալը զբաղվում էր բիզնեսով:
Եգիպտոսի նախկին նախագահին եւ նրա ընտանիքի անդամներին կասկածում են ապօրինի հարստացման մեջ, արտերկրում փնտրում են նրանց պատկանող ունեցվածքը: Մուբարաքին նաեւ մեղադրում են զանգվաային ցույցերի ժամանակ ցուցարարներին սպանելու հրաման տալու մեջ:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Մուբարաքը փետրվարի 11-ին հրաժարական է տվել Եգիպտոսի նախագահի պաշտոնից եւ իշխանությունը հանձնել է բանակին: Զանգվածային ցույցերի ժամանակ զոհվել էր 365 մարդ եւ ավելի քան հինգ հազարը վիրավորվել էին:





























