Թաիլանդի Չիանգմայ քաղաքում կինը նետվել է այրվող տան մեջ, որ փրկի 2 պուդելներին, հայտնում է Newsflare-ը:

Հրդեհը բռնկվել է, երբ 55-ամյա Պիմապինյա Սիրիչայթան վերադառնում էր հուղարկավորությունից: Նա հրդեհի մասին իմացել է հարեւանի զանգով, հիշել է տանը մնացած պուդելների մասին եւ շտապել օգնության: «Ես ոչ մի բանի մասին մտածել չէի կարողանում, բացի շներիս փրկելու,- ասել է կինը: - Նույնիսկ եթե դա նշանակեր սեփական կյանքի վտանգում»:

Պիմապինյան տեղ հասնելով՝ փաթաթվել է թաց սրբիչով, նետվել այրվող տան մեջ եւ պուդելներին կրակի միջից դուրս է բերել: Դրանից հետո հրշեջները շների վրա ջուր են լցրել՝ նրանց հովացնելու համար: «Այս շնիկներն այն ամենն են, ինչ ես ունեմ,- ասում է կինը: - Ես նրանց համար ավելի շատ էի անհանգստանում, քան տան»:

Հրշեջները կարծում են, որ բռնկման պատճառը կարճ միացումն է: Կրակը տարածվել է հարեւան տուն եւ հասցրել միլիոն բատի վնաս: