Երբեմն լրատվամիջոցներում այնպիսի թվեր եմ հանդիպում, որ ուզում եմ պահանջել իմ միլիոնները։ Այս մասին «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների ամփոփիչ մամուլի ասուլիսում դեկտեմբերի 26-ին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշել է, որ կառավարության որոշմամբ խորհրդարանին հատկացվել է որոշակի գումար։ «Խոսքը, ի դեպ, 280 մլն դրամի մասին է»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ ընդունվել է որոշում՝ ինչ-որ գումար հատկացնել խորհրդարանի բոլոր խմբակցությունների պատգամավորների եւ Ազգային ժողովի աշխատակիցների պարգեւավճարների համար։

Այդ ժամանակ լրագրողներն առարկել են, որ ի պատասխան իրենց հարցումների՝ ստացել են պաշտոնական տեղեկություն այն մասին, որ 2019 թվականի 10 ամսում պատգամավորները եւ խորհրդարանի աշխատակիցները ստացել են 1 մլն դոլարի չափով պարգեւավճարներ։

«Խնդրում եմ ձեզ ճշտել ձեր տեղեկությունները։ Ես հիշատակեցի նաեւ խնայողությունների մասին։ Անհասկանալի է, թե ինչու լրագրողները երբեք չեն գրում այն փողերի մասին, որոնք խնայվել են գործուղումներից։ Դրա փոխարեն գումարում եք բոլոր պատգամավորների ու ապարատի աշխատակիցների աշխատավարձերը, դա վերածում եք դոլարի ու հնչեցնում միլիոն դոլար թիվը»,- դժգոհել է խորհրդարանականը։

Սիմոնյանը նաեւ հաստատել է, որ 2020 թվականին պատրաստվում է բարձրացնել խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցը։ Նրա խոսքով՝ ներկա պահին նրանց աշխատավարձը չի գերազանցում 90-120 հազար դրամը։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում ի հայտ է եկել տեղեկություն այն մասին, որ այս տարվա հունվար-նոյեմբերին խորհրդարանի աշխատակազմը 14 անգամ պարգեւավճար է ստացել։