Իմ մոտեցումն այն է, որ Հանրային խորհուրդը ձեւավորվեց 2008 թվականի մարտի 1-ից հետո որպես միջոց նախագահի թեկնածուներից մեկին պաշտոնով ապահովելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հանրային խորհրդի անդամների հավաքում նշեց ՀԽ նորանշանակ անդամ Դանիել Իոաննիսյանը:
«Այդուհանդերձ կարծում եմ՝ կա իրական հնարավորություն Հանրային խորհուրդը դարձնելու այն մարմինը, որը ամրագրված է Սահմանադրության 161-րդ հոդվածով եւ օրենքով:
Այս 11 տարիների ընթացքում հանրային խորհուրդը իր գործունեության բազմաթիվ ուղղություններով չի իրականացրել պատշաճ գործունեություն: Օրինակ, քաղաքացիական հասարակության եւ կառավարության միջեւ պատշաճ կապ չի ապահովել»,-ասաց նա:
Սա դուր չեկավ ՀԽ որոշ անդամների: Մասնավորապես, Գաբրիել Ջեմբերջյանը վրդովված ասաց. «Սա ձեր կարծիքն է, ոչ թե Հանրային խորհրդի: Մենք այստեղ հրավիրվել ենք նիստի, ոչ թե կարծիք տալու, թե Հանրային խորհուրդն անցյալում ինչ է արել: Դա մեզ չի հետաքրքրում, պետք է նայենք, թե հիմա ինչ պետք է անենք»:
ՀԽ անդամ Արշակ Սադոյանն էլ ընդգծեց. «Դուք մեղադրեցիք հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նա դիտմամբ նշանակել է Վազգեն Մանուկյանին, այսպես ասած, քաղաքական շահարկումների նպատակով»:
Դրանից հետո սուր բանավեճ ծվալվեց Սադոյանի եւ Իոաննիսյանի միջեւ: «Գալուց առաջ մտածե՞լ ես, թե ինչի ես գալիս»,-հարց ուղղեց Արշակ Սադոյանը:
Միջամտեց ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը եւ կողմերին կոչ արեց հարգել միմյանց եւ ընդունված խաղի կանոնները:





























