Արտադատարանային մահապատիժների հարցով ՄԱԿ հատուկ զեկուցող Անյես Կալամարը, որը զբաղվում է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննությամբ, քննադատության է ենթարկել այդ գործի ընթացքը եւ հինգ մեղադրյալներին մահապատժի դատապարտելը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, թե ցնցված է այն հանգամանքից, որ սպանության պատվիրատուները պատասխանատվության չեն ենթարկվել։ «Ես ցնցված եմ, առաջին հերթին, նրանից, որ դեմ եմ մահապատժին։ Բացի այդ, նրանք, ովքեր պատվիրել են սպանությունը, ոչ միայն ազատության մեջ են մնացել, այլեւ հետաքննությունը համարյա նրանց չի առնչվել։ Սա երկրորդ ցնցումն է»,- նշել է Կալամարը։ Նրա խոսքերով՝ Սաուդյան Արաբիայում անցկացված քննությունը իրենից ներկայացնում է «արդարադատության հակապատկեր»։

Հատուկ զեկուցողը կարծում է, որ անհրաժեշտ է «հետաքննել հրամանների արձակման շղթան, որպեսզի բացահայտվեն սպանության ոգեշնչողները, ինչպես նաեւ նրանք, ովքեր դրդել են դրան, թույլ են տվել սպանությունը եւ փակել աչքերը դրա հանդեպ։ Կալամարը քննադատության է ենթարկել դատական գործընթացը նաեւ նրա համար, որ այն փակ դռների հետեւում է անցկացվել։

Ավելի վաղ այդ գործով հինգ մեղադրյալներ դատապարտվել էին մահապատժի, եւս երեքը՝ ընդհանուր առմամբ 24 տարվա ազատազրկման։ Գործով անցնում էր 11 մարդ։