ՀՀ տարածքային կառավարման եւ ենթկառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր լեռնամետալուրգիայի եւ հանքագործության ոլորտում մասնագիտացած գիտական կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել է դաշտի նորմատիվային կարգավորման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար՝ Լիլիա Շուշանյանն ընդգծել է, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում ուսումնասիրել եւ հայտնաբերել են ոլորտի մի շարք բացեր, որոնք խիստ մասնագիտական են եւ այդ իսկ պատճառով լայն շրջանակների ուշադրությանը չեն արժանացել, սակայն որոնք հիմնարար են ընդերքօգտագործման ողջ շղթան ճիշտ կանոնակարգմամբ կազմակերպելու համար: Այդ հարցերից են նաեւ հանքավայրերի պաշարների եւ կանխատեսումային ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգները:
«Ազգային այս հրահանգների մշակումը,տեղայնացումը, ինչպես նաեւ միջազգային տարբեր համակարգերի հետ համադրումների եւ մոտարկումների իրականացումը պետք է լինի ոլորտի առաջնահերթ նպատակներից մեկը: Գիտակցում ենք խնդրադրման հավակնոտությունը, անհրաժեշտ հսկայական աշխատանքը եւ բարդությունը, սակայն համոզված ենք, որ օր առաջ պետք է սկսել նոր նորմատիվ դաշտի մշակումը »,-նշել է փոխնախարարը:
Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ նախարարությունն այս նպատակի իրականացումը հնարավոր է համարում միայն ակադեմիայի եւ ոլորտի փորձառու մասնագետների հետ համատեղ աշխատանքի եւ կուռ համագործակցության շնորհիվ: Միաժամանակ՝ փոխնախարարի կողմից կարեւորվել է նաեւ ուսանողների ներուժի օգտագործումը՝ այն համարելով ոլորտին հետ նրանց կամրջելու քայլերից մեկը:
Ներկաներն ընդգծել են բարձրացված հարցի արդիականությունը եւ կիսվել անհրաժեշտ քայլերի վերաբերյալ իրենց կարծիքներով: Ողջունելով նախարարության հետ համատեղ աշխատելու գաղափարը՝ վերջիններս պատրաստակամություն են հայտնել կարճ ժամկետում հայտնել մասնագետների անուններ, ովքեր կներգրավվեն հրահանգների թարգմանության, լրամշակումների եւ դրանց ազգային համակարգի ստեղծման բարեփոխման աշխատանքներում:
Հանդիպմանը մասնակցել են ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնագետներ, Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության ներկայացուցիչներ:




























