Փիթսբուրգի սինագոգում 2018թ․ հոկտեմբերին 11 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական հրաձգության մեջ մեղադրվող Ռոբերտ Բաուերսի իրավաբանները դատարանի հնարավոր մահապատժի վճիռը համարում են հակասահմանադրական, հայտնում է Associated Press-ը։

Այս շաբաթ Բաուերսի իրավաբանները բողոք են ներկայացրել, որի մեջ հայտարարել են, որ պատժի բարձրագույն չափը խախտում է սահմանադրության Հինգերորդ փոփոխությունը եւ Ութերորդ փոփոխությունը, որի համաձայն արգելք է դրվում պատժի դաժան եւ ոչ սովորական տեսակների վրա։

Բաուերսի իրավաբանը Ջուդի Քլարքսն է, որի հաճախորդների թվում են Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուն կազմակերպած Ջոհար Ցարնաեւը եւ «Ունաբոմբեր» անվանումով ահաբեկիչ Թեոդոր Կազինսկին, որը հայտնի է փոստով ռումբեր ուղարկելու «շնորհիվ»։

Իր բողոքում Քլարքսը հայտարարել է, որ փորձել է Բաուերսի պատժի մեղմացման հարցով պայմանավորվել դատախազության հետ, սակայն իրեն մերժել են։