«Գումբութ» կոչվող սարալանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեկտեմբերի 29-ին, ժամը 09:05-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով «Գումբութ» կոչվող սարալանջ է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 42 փրկարար ծառայող (4 օժանդակ տեխնիկա):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, ժամը 07:58-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի մոտակա «Գումբութ» կոչվող սարալանջին հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 փրկարար ծառայող:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 և «Թեղուտ» ՓԲԸ-ի 10 աշխատակից:
Այրվել են մոտ 2 հա խոտածածկույթ և մոտ 5 հա անտառածածկ տարածքում՝ կոճղեր, տերևներ և թփուտներ:
Դեկտեմբերի 25-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 39 փրկարար ծառայող: Աշխատանքներին օժանդակել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից: Անտառային տարածքում այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ:
Դեկտեմբերի 26-ին հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել հինգ մարտական հաշվարկ և 33 փրկարար ծառայող: 25-30 հա տարածքում հայտնաբերվել են ծխացող օջախներ (կոճղեր):
Դեկտեմբերի 27-ին հրդեհը տարածվել է. հայտնաբերվել են հրդեհի նոր օջախներ (մոտ 5-7 հա)։ Հրդեհի մակերեսը կազմել է 40 հա տարածք (10 հա խոտածածկույթ, 30 հա բուսածածկույթ)։
Հրդեհաշիջման աշխատանքերին մասնակցել են 27 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 25, «Թեղուտ» ՓԲԸ-ի 13 աշխատակից և Շնող գյուղի 5 բնակիչ:
Դեկտեմբերի 28-ին հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել 21 փրկարար ծառայող: Հայտնաբերվել է 4 ծխացող օջախ:
Հրդեհաշիջմանը մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 աշխատակից: 2 հա անտառածածկ տարածքում այրվել են կոճղեր, տերևներ և թփուտներ:



























