Միացյալ Նահանգները համակ ուշադրությամբ հետեւում են Հյուսիսային Կորեայի գործողություններին եւ համարում, որ երկրում իրավիճակը մտահոգիչ է, հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը ABC-ին տված հարցազրույցում, հաղորդում է Reuters-ը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը շարունակի հավատարիմ մնալ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ իր վճռականությանը։
Դեկտեմբերի 8-ին Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ները հայտնել էին Սոխե տիեզերակայանում փորձարկումները բարեհաջող անցկացնելու մասին։ Դա Փհենյանի եւ Վաշինգտոնի միջեւ Կորեական թերակղզու ապաիջուկայնացման շուրջ 2018 թվականին կայացած բանակցություններից ի վեր այդօրինակ առաջին թեստն էր։ Այդ փորձարկումների մասին լուրը ստանալուց հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր իր թվիթերյան էջում, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կարող է կորցնել ամեն ինչ, եթե թշնամական գործողություններ նախաձեռնի։
Ավելի վաղ Փհենյանը կոչ էր արել Վաշինգտոնին կարգավորել երկկողմանի հարաբերությունները մինչեւ 2019 թվականի ավարտը։ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջեւ առաջին գագաթնաժողովը հաջողությամբ անցել էր 2018 թվականի հունիսին Սինգապուրում, սակայն երկրորդը 2019 թվականի փետրվարին արդյունք չէր ունեցել։ Երկու պետությունների առաջնորդներն անցկացրել էին նաեւ կարճ հանդիպում Կորեայի Հանրապետության եւ Հյուսիսային Կորեայի սահմանին հունիսի 30-ին, որից հետո՝ սեպտեմբերին, Թրամփը հայտարարել էր, որ պատրաստվում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ մինչեւ տարեվերջ։





























