Վենեսուելայից հինգ զինծառայող, որոնք բերման էին ենթարկվել Բրազիլիայում, կստանան փախստականի կարգավիճակ, ասվում է Բրազիլիայի ԱՆԳ եւ ՊՆ համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ըստ փաստաթղթի՝ Վենեսուելայից հինգ զինծառայողների նկատմամբ, որոնք հայտնաբերվել էին բրազիլական բանակի կողմից Բրազիլիայում դեկտեմբերի 26-ին սահմանամերձ տարածքի ընթացիկ պարեկային հսկողության ժամանակ, սկսվել է փախստականի կարգավիճակը ստանալու գործընթացը Բրազիլիայի ԶՈՒ հատուկ հումանիտար խմբի մասնակցությամբ:

Դեկտեմբեի 22-ին Վենեսուելայի Պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ ընդդիմությունը հարձակվել է երկրի հարավում գտնվող զորամասի վրա, որի հետեւանքով զոհվել է մեկ զինծառայող: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել Պերուին եւ Բրազիլիային ձերբակալել եւ արտահանձնել ահաբեկիչներին, որոնք մասնակցել են զորամասում կատարված ահաբեկչությանը: Սակայն Բրազիլիան պաշտոնապես հրաժարվել է արձագանքել Կարակասի հարցմանը:

Ավելի ուշ՝ Վենեսուելայի հինգ զինծառայողներին հայտնաբերելուց հետո, Մադուրոն անվանել է նրանց ահաբեկիչներ եւ դասալիքներ, որոնք հարձակվել են զորամասի վրա, եւ կոչ արել գլխավոր դատախազությանն արագացնել Բրազիլիայի արդարադատության մարմինների հետ աշխատանքն արտահանձնման գործընթացի շուրջ: