Հայաստանում սննդային անվտանգության հարցերն են քննարկվել Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում:
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ասել է, թե այժմ Հայաստան տարբեր ապրանքներ են ներմուծում` կասկածելի որակի, գենամոդիֆիկացված բաղադրիչներով: «Դա մասնավորապես վերաբերում է ներկրվող հավին եւ նրբերշիկին: Բացի այդ, օգտվելով երկրում աղքատության բարձր մակարդակից, անբարեխիղճ ներմուծողները հանրապետություն են բերում ցածրորակ, էժանագին ապրանքներ, որոնք հաճախ փչացած են համարվում եվրոպական շուկայում»,- հայտարարել է Դալլաքյանը` անթույլատրելի համարելով, որ անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանն այդպես էլ չմշակեց սննդի անվտանգության հայեցակարգ:
Այդ պնդմանը դեմ է արտահայտվել գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ով հայտնել է, թե շուկայում սննդի վիճակին ուշադիր հետեւում է սննդի անվտանգության ծառայությունը:
Բացի այդ, ներկայումս մշակվում է պարենային անվտանգության հայեցակարգը:
Ի դեպ, կառավարության պատասխանները քիչ էին հետաքրքրում հայրենի ազգընտիրներին, որոնք անխոնջ շատախոսում էին: Դա, ի վերջո, զայրացրել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով կտրուկ արձագանքել է. «Պարոն Բադեյան, դե հերիք է խոսեք, որքան կարելի է: Կարելի է կարծել, թե այլ գործ չունեք: Կամ այստեղ եք խոսում, կամ այնտեղ»:





























