ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում այսօր` ապրիլի 13-ին որոշում է կայացվել շարունակել Վրաստանում իրավիճակի շուրջ մոնիտորինգը, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:

«ԵԽԽՎ-ում դրական են գնահատում վերջին տարիներին Վրաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացումը»,- ասված է փաստաթղթում:

Միաժամանակ, Վեհաժողովում նշել են, որ Վրաստանի իշխանությունները չպետք է կանգ առնեն եւ բավարարվեն ձեռք բերվածով: «ԵԽ-ին անդամակցելուց 10 տարի անց Վրաստանն իր ստանձնած ոչ բոլոր պարտավորություններն է կատարել»,- կարծում են ԵԽԽՎ պատվիրակները: Մասնավորապես, ԵԽԽՎ-ում «կոչ են արել պաշտոնական Թբիլիսիին անհապաղ ստորագրել տարածաշրջանային լեզուների կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիան»:

Բացի այդ, Վեհաժողովում վստահ են, որ «Վրաստանի իշխանությունները պետք է համոզիչ հետաքննություն անցկացնեն 2008-ին Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում միջազգային հումանիտար եւ իրավապաշտպան նորմերի խախտումների վերաբերյալ: Եվրոպացի պատգամավորները հատուկ նշել են «ազատ տեղաշարժի սկզբունքի կոպիտ խախտման» փաստերը:

ԵԽԽՎ-ն որոշել է շարունակել մոնիտորինգի գործընթացը Վրաստանի նկատմամբ, մինչեւ առկա խնդիրներում առաջընթացի ապահովումը: