Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 00:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, բախվել է 2 ավտոմեքենա, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է կայանած «Mercedes E» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հմայակ Ս., ծնված 1986 թ.) եւ էլեկտրական սյանը, իսկ «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան՝ «Samand» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Արմեն Ա.):
Փրկարարներն Արմեն Ա.-ին եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության մեքենային, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Արմեն Ա.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդի գտնվելու վայրը չի հաջողվել պարզել:



























