Միջազգային շուկաներում վերջին 2 օրերին տեղի են ունեցել մի շարք կարեւորագույն ապրանքների գների էական անկումներ։

Գնանկումը սկսել է նավթի շուկայից։ Միջազգային էներգետիկ գործակալության հայտարարությունն այն մասին, որ 100 դոլարից բարձր նավթի գինը վտանգում է համաշխարհային տնտեսությունը, հանգեցրել է վերջին 11 ամսում նավթի գների ամենամեծ անկման։ Լոնդոնում Brent տեսակի նավթն արդեն վաճառվում է մոտ 120 դոլարով, ամերիկյան WTI-ն՝ մոտ 106 դոլարով։

Նավթի գների նվազմանը նպաստում են նաեւ Ճապոնիայից ստացվող լուրերը, ըստ որի «Ֆուկուսիմայի» միջուկային աղետի հավանականությունը բարձրացվել է ամենաբարձր՝ 7-րդ աստիճանի։ Փորձագետները մտավախություն ունեն, որ ճապոնական տնտեսությունը անկում կարձանագրի, որին կհետեւի Չինաստանը։

Նավթի գներն անդրադարձել են նաեւ հացահատիկի շուկայի վրա, որտեղ էական գնանկում է արձանագրվել ցորենի եւ եգիպտացորենի մասով՝ մոտ 3-4 տոկոսով։

Չիկագոյի բորսայում փափուկ ցորենի 1 տոննան վաճառվում է մոտ 280 դոլարով, իսկ Լոնդոնի բորսայում եվրոպական ցորենն իրացվում է տոննան մոտ 340 դոլարով։