Վանաձոր-Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին Ամանորի գիշերը տեղի ունեցած ավտովթարից տուժած քաղաքացիների վիճակն այս պահին բավարար է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Սպիտակի բժշկական կենտրոնից։

Բժշկի խոսքով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում. «Տղամարդու եւ 2 երեխաների մոտ ախտորոշվել է ներքին արնահոսություն։ Երեքն էլ վիրահատվել են. տղամարդը եւ 6 տարեկան տղան մեզ մոտ, իսկ փոքր աղջկան անմիջապես ընդունման ժամին ուղարկել ենք Վանաձորի հիվանադանոց, այնտեղ են վիրահատել։ Երեքի վիճակն էլ բավարար է, տղա երեխան այսօր դուրս է գրվել, իսկ տղամարդն ու 5 տարեկան աղջիկը հիվանդանոցում են։ Ուղեւորներից մեկի մոտ էլ ախտորոշվել է ծնոտի եւ կրծքավանդակի կոտրվածք, տեղափոխվել է Միքայելյան հիվանդանոց, նրա վիճակը եւս բավարար է»։

Վանաձորի բժշկական կենտրոնից էլ NEWS.am–ին հայտնեցին, որ երեխան այս պահին մանկական վիրաբուժական կենտրոնում է. «Երեխայի վիճակը գնահատվում է բավարար»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 1-ին ժամը 02:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Արևաշող ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդը՝ Ռաֆայել Մ., ծնված 1990 թ.) և «Mercedes E180» մակնիշների ավտոմեքենաները։ «Opel Astra G» ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Հասմիկ Պ.-ն (ծնված 1992 թ.), Ռոբերտ (ծնված 2014 թ.) և Եվա (ծնված 2016 թ.) Մ.-երը, հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները Հասմիկ Պ.-ի և Ռոբերտ Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռաֆայել և Եվա Մ.-երինը՝ ծայրահեղ ծանր։ Եվա Մ.-ն այնուհետև տեղափոխվել է Վանաձորի ԲԿ։