ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին «խիստ մտահոգել է» Հյուսիսային Կորեայի հայտարարությունը, որ ինքը կարող է վերսկսել միջուկային եւ հրթիռային փորձարկումները, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:
«ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մեծ հույսեր ունի, որ փորձարկումները չեն վերսկսվի՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւին: Չտարածման սկզբունքը համաշխարհային անվտանգության հիմնաքարն է եւ պետք է պահպանվի»,-հայտարարել է նրա մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այս շաբաթ հայտարարել է, որ Փհենյանն այլեւս հիմք չունի պահպանելու կամավոր մորատորիումը միջկոնտինենտալ բալիստիկ հրթիռներն ու միջուկային զենքը փորձարկելու համար: Կիմ Չեն Ընի խոսքով՝ «նոր ռազմավարական զենքը» կներկայացվի մոտ ապագայում:
«Դիվանագիտական շփումները միակ ճանապարհն է դեպի կայուն խաղաղությունը»,-հայտարարել է Դյուժարիկը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը 2018 թվականին դարձել է առաջին ամերիկացի առաջնորդն է, որը հանդիպել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ, Կիմ Չեն Ընի ելույթից հետո հայտարարել է, որ վերջինս պայմանագիր է ստորագրել ապամիջուկայնացման մասին, եւ որ Թրամփը համարում է Հյուսիսային Կորեայի առաջնորդին որպես «իր խոսքի մարդ»:
Թրամփը բազմիցս մատնանշել է մորատորիումը, որը գործում է 2017 թվականից, որպես խորհրդանիշ, որ Հյուսիսային Կորեայի հետ փոխգործակցության իր քաղաքականությունն արդյունավետ է:



























