Renault-Nissan ավտոկոնցեռնի նախկին ղեկավար Կառլոս Գոնը հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները, թե Ճապոնիայից (որտեղ գտնվում է երկրից չբացակայելու ստորագրությամբ) իր փախուստի կազմակերպման գործում իրեն օգնել են կինն ու խորթ եղբայրները, տեղեկացնում է RFI-ը։
«Լրատվամիջոցների պնդումները, որոնց համաձայն կինս՝ Քարոլը, եւ իմ ընտանիքի մյուս անդամներն իբր դեր են խաղացել Ճապոնիայից իմ հեռանալու գործում, սուտ են եւ չեն համապատասխանում իրականությանը։ Ես ինքս եմ կազմակերպել իմ փախուստը։ Իմ ընտանիքը դրա հետ ոչ մի կապ չունի»,- ասվում է նրա հայտարարության տեքստում։
Մինչ այդ՝ երեքշաբթի օրը, Le Monde պարբերականը, հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ գործողությունն իբր ծրագրվել է Կառլոս Գոնի կնոջ՝ Քարոլի կողմից։ Պարբերականի տեղեկատվությամբ՝ Քարոլ Գոնն ամուսնու հետ միասին եղել է Ստամբուլից Բեյրութ թռչող ինքնաթիռում։ Ինչպես գրել է պարբերականը, փախուստը, հավանաբար, պատրաստվել է երկար ժամանակ, իսկ դրա պատրաստմանը մասնակցել են նրա խորթ եղբայրները, «որոնք հիանալի կապեր ունեն Թուրքիայում»։
Հինգշաբթի օրը հայտնի է դարձել, որ Թուրքիայի ոստիկանությունը կալանավորել է յոթ մարդու Կառլոս Գոնի փախուստի կազմակերպմանը մասնակցելու կասկածանքով։ Բացի այդ, Լիբանանի իշխանությունները Ինտերպոլից ստացել են այսպես կոչված «կարմիր ծանուցում» Renault-Nissan-ի նախկին ղեկավարի միջազգային օրդերի մասին։
Առաջիկա օրերին, հավանաբար հունվարի 8-ին, Գոնը պետք է տա առաջին մամուլի ասուլիսը փախուստից հետո։ Ինչպես տեղեկացնում են ֆրանսիական լրատվամիջոցները, գործարարն անձամբ կընտրի լրագրողներին, որոնց թույլ կտան մասնակցել այդ հանդիպմանը։




























