Aston Martin եւ Airbus Corporate Helicopters ընկերությունները ներկայացրել են իրենց առաջին համատեղ նախագիծը՝ ACH130 ուղղաթիռի հատուկ տարբերակը Aston Martin Edition անվանումով։ Նորույթը, որի ոճը մշակել է Մարեկ Ռեյհմանի թիմը, հասանելի կլինի չորս տարբեր գույներով՝ DB11 կուպեի ոճի սրահով  եւ աննախադեպ դիզայնով, տեղեկացնում է Motor-ը։

Aston Martin-ի դիզայներների թիմի համար համագործակցությունը Airbus Corporate Helicopter-ի գործընկերների հետ առաջին նման փորձն էր։ Aston Martin Edition-ի ACH130-ի ոճի մշակումը տեւել է ավելի քան մեկ տարի, բայց դատելով ղեկավարության կարծիքներից, թե՛ այստեղ, թե՛ այնտեղ արդյունքներից գոհ են մնացել։

Ֆիրմային ուղղաթիռի համար մտածել են չորս տարբերակ եւ համապատասխան ձեւավորմամբ սրահ։ Առաջին նմուշը ներկել են Stirling Green երանգով, որը խցիկի ստորին մասում անցնում է սեւ Jet Black-ի, իսկ շարժչի մասերում՝ Skyfall Silver-ի։ Մյուս հասանելի գույներն են գորշ Xenon Grey-ը, բրոնզագույն Arizona-ն եւ սեւ ու կապույտ Ultramarine Black-ը։ Սրահը սեւ միկրոֆիբրայով է՝ Oxford Tan, Pure Black, Cormorant կամ Ivory կաշվով։

Նյութերն այնպիսին են, ինչպես Aston Martin-ի ավտոմեքենաներում։ Առջեւի նստելատեղերն ունեն դեկորատիվ պերֆորմացիա, դռները բնական կաշվից են, սրահի տարբեր մասերում կան Aston Martin-ի ֆիրմային թեւեր։ Սարքերի վահանակին կա հատուկ ցուցանակ գործընկերների լոգոտիպով, ուղղաթիռի համարով, ինչպես նաեւ սեփականատիրոջ անունով (արվում է ըստ ցանկության)։

Aston Martin Edition ACH130-ի գինը պատրաստ են ներկայացնել հարցման դեպքում։ Մատակարարումները նախատեսված են 2020 թվականի առաջին եռամսյակում։ Airbus սովորական ուղղաթիռն արժե մոտ երեք մլն եվրո։