ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել են Իրաքում ամերիկյան բազաների հրթիռակոծության մասին, նա հետեւում է իրավիճակին։ Այս մասին հաղորդում է Թրամփի մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը։
«Մենք տեղյակ ենք Իրաքում ամերիկյան օբյեկտների վրա հարձակման մասին։ Նախագահին տեղեկացրել են, նա ուշադիր հետեւում է իրավիճակին եւ խորհրդակցում անվտանգության գծով իր թիմի հետ»,-ասել է նա։
Սպիտակ տան շուրջը անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են
ԱՄՆ նախագահի Վաշինգթոնում գտնվող նստավայրի շուրջը անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են՝ կապված Իրաքում ամերիկյան ռազմական օբյեկտների հրթիռակոծության հետ։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկյան ուժային կառույցների ներկայացուցչին։
Ըստ հեռուստաընկերության, Սպիտակ տան շուրջը ԱՄՆ գաղտնի ծառայության լրացուցիչ աշխատակիցներ են տեղակայվել։ Միաժամանակ, Գաղտնի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը՝ միայն նշելով, որ «մշտապես ընթանում է սպառնալիքի գնահատում»։
Պենտագոնի պաշտոնական ններկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Իրանը հրթիռային հարված է հասցրել առնվազն 2 ամերիկյան ռազմաբազաների։ Նրա խոսքով, հրթիռակոծվել են Էրբիլի օդանավակայանն ու Այն ալ-Ասադի բազան։ Օգտագործվել է իբր ավելի քան 10 հրթիռ։




























