Պեկինն ԱՄՆ-ին եւ Իրանին զսպվածության եւ հակասությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու կոչ է անում: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը՝ մեկնաբանելով Իրաքում ամերիկյան 2 բազաների ուղղությամբ Իրանի հրթիռային հարվածը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մերձավոր Արեւելքում իրավիճակն այժմ մնում է բարդ եւ զգայուն: Չինաստանն ուշադիր հետեւում է իրավիճակի զարգացմանը: Համապատասխան կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել: Չինաստանը վստահ է, որ համապատասխան կողմերը պետք է փոխադարձ հարգանքի սկզբունքի հիման վրա եւ երկխոսության եւ խաղաղ միջոցների ճանապարհով կարգավորեն տարաձայնությունները, ինչպես նաեւ միասին պահպանեն տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը»,- ասել է դիվանագետը:




























